Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից վավերացված թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագիրը քայլ էր, որը նպատակ ուներ ցույց տալու, որ այդ երկու երկրների հարաբերություններն անսասան են։ Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրագետ Լեւոն Հովսեփյանը։
«Օգոստոսի 16-ին ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը երկկողմ ռազմական դաշինքի ձեւավորման իրավական փաստաթուղթ է։ Համաձայնագրում կարեւոր է հատկապես այն կետը, որում նշվում է, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա մի երրորդ երկրի կողմից կատարված հարձակման դեպքում այդ երկրներից յուրաքանչյուրը մյուսին ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնում։ Բացի այդ, համաձայնագրով սահմանվում են համատեղ ռազմա-արդյունաբերական եւ սպառազինության դրույթներ, համատեղ զորավարժությունների անցկացում, նյութատեխնիկական մատակարարում եւ այլն»,- նշեց թուրքագետը։
Նրա խոսքով, ադրբեջանցի շատ փորձագետների գնահատմամբ, թուրք-ադրբեջանական համաձայնագիրն իրական հակակշիռ է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը։
Անդրադառնալով 2011-ին Նախիջեւանում թուրքական ռազմական կոնտինգենտի տեղակայման հավանականությունը՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետն ասաց, որ դա այնքան էլ իրատեսական չէ։





























