Իրանում հերթական գունավոր հեղափոխության փորձ է արվել: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս երկրում իսկապես մի շարք խնդիրներ կան՝ տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված: «Սակայն այս ամենը երկրորդական է, քանի որ Մերձավոր Արեւելքում լիբերալ արժեքների ներդրման բոլոր ուժային փորձերն աղետալի հետեւանքների են հանգեցրել», - բացատրեց Հարությունյանը` հավելելով, որ, ի տարբերություն Մերձավոր Արեւելքի շատ այլ երկրների, Իրանը բավականին արդյունավետ քաղաքական, ռազմական եւ ուժային համակարգ ունի:
Փորձագետը կասկածներ հայտնեց, որ Իրանում փողոցային ցույցերի միջոցով հնարավոր է որեւէ փոփոխության հասնել, քանի որ իրանական իշխանությունները բավականին արագ եւ արդյունավետ կերպով ճնշեցին դրանք:
Հիշեցնենք, որ Իրանի տարբեր քաղաքներում փողոցային ցույցերի ժամանակ 20 մարդ է մահացել, այդ թվում նաեւ` երկու ոստիկան: Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալված ապստամբների մեծ մասը գրավի դիմաց ազատ է արձակվել:




























