Մոսկվայի մարզի Լենինյա շրջանի ավանում, իրավապահների տվյալներով, դեկտեմբերի 25-ին շրջանային վարչակազմի շենքի դիմաց նախապատրաստվում էր ակցիա՝ ի պաշտպանություն նախկինում դատված տեղի բնակչի, որին դանակահարել էր մի կովկասցի:

Հետաքննության ժամանակ պարզվել է, որ չարտոնված ակցիա անցկացնելու առիթ է հանդիսացել «Լիդիա» ռեստորանում տեղի ունեցած վեճը, որն ավարտվել է դանակահարությամբ:

Իրավապահները պարզել են, որ 28-ամյա տեղի բնակիչ Ալեքսեյ Կիսիլյովին դանակով հարվածել է 21-ամյա երեւանցի Արտակ Քառյանը, ով բնակվում է Կալուգայի մարզում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

ՏուժածԱլեքսեյ Կիսիլյովին ժամանակին բուժօգնություն է տրամադրվել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության:

Տեղի հեռուստատեսությամբ ավանի ղեկավար Սերգեյ Սմոլին դիմել է բնակիչներին եւ կոչ արել չտրվել սադրանքներին եւ չմասնակցել չարտոնված ակցիաներին: