«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետեւանքով 2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել էր հրդեհ:
Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դեպքի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, որոնց հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը, հաստատված համարելով, որ դյուրավառ նյութի պահպանման կանոնները խախտելու հետեւանքով առաջացած հրդեհը ծանր հետեւանքների չի հանգեցրել, 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով նախատեսված ծանր հետեւանքի վրա հասած չլինելու պատճառաբանությամբ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը:
Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Իսկ «ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 23-ի՝ «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ «ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին» թիվ 165-Ն որոշման համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին գումար է հատկացվել՝ տեխնոլոգիական համակարգերում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի եւ սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին աջակցելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից՝ Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ քննարկման առարկա դարձնելու արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները եւ միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, հետագայում հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու նկատառումներով նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ եւ արդյունքների մասին հայտնել Երեւան քաղաքի դատախազությանը:




























