Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ որոշելու իրենց հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հաստատել է նախագիծը, որով ապրիլի 1–ից  սահմանափակվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը եւ գրանցումը:

«Լոգոս»  իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ Արա Մելիքջանյանի NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք առաջարկների փաթեթ էին մշակել, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, երբ կառավարությունը առաջ ընկավ եւ որոշում կայացրեց:

«Մենք գիտեինք, որ այս հարցը կառավարության նիստի օրակարգում ներառված չի եղել, բայց ռիսկ տեսել ենք, որ օրակարագից րոպեներ առաջ այն ընդգրկվի օրակարգում։ Չէինք հավատում, որ նախարարությունը կարող է այդպես անազնիվ գտնվեր ու խաբեր բոլորին։  Ասում են՝ եկեք բանակցենք, լսենք  ձեր առաջարկները, բայց առաջարկները չլսելով՝ քայլ են կատարում, այսինքն՝ խաբում են ժողովրդին»,-ասել էր նա: