Աճող արտագաղթը աղքատության մակարդակի անընդհատ մեծացող ցուցանիշն, որի համաձայն Հայաստանում աղքատների թիվն անցնում է 1 մլն-ը, այսինքն` բնակչության մեկ երրորդն աղքատ է. Ահա թե ինչով նշանավորվեց 2010 թվականը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` ամփոփելով 2010 թվականը:
«1991-2010 թվականներին Հայաստանից արտագաղթել է 1,5 մլն մարդ, ինչը հավասար է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի թվին: Ցավոք, այս երկու խնդիրների հաղթահարման գործում Հայաստանի իշխանություններն արդյունքի չհասան: Միայն վերջին տարվա ընթացքում աղքատների թիվը Հայաստանում ավելացել է 200 հազարով»,-ասել է պատգամավորն` ընդծելով, որ դա շատ վտանգավոր միտում է:
Ընդ որում, Դալլաքյանը նկատել է նաեւ դրական տեղաշարժեր արտաքին քաղաքականության ոլորտում`մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանություններին հաջողվեց չեզոքացնել որոշ բացասական գործընթացներ, ինչի հաշվին նախագահ Սերժ Սարգսյանը դադար ունեցավ` զբաղվելու ներքին կառուցվածքային բարեփոխումներով: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը վճռական կլինի այդ բարեփոխումներն իրականացնելիս»,-ամփոփեց պատգամավորը:




























