Անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմել է 62,5 միլիոն դոլար։ Այս մասին  հունվարի 17-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին՝ կան արդյոք իրատեսական ծրագրեր Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղու կառուցման շուրջ, ինչպես նաեւ Հայաստանը պատրաստվում է օգտվել  Իրանից հանրապետությանը գազով ապահովելու հարցում եւ ինչ սակագնով։

Վարչապետի գնահատականով՝ իրանական շուկան  եւ բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ ապրանքաշրջանառությունը չափազանց փոքր է: «Վերջին տարիներին առեւտրի աճի առումով ունեցել ենք ամենացածր տեմպերը՝ 9-10 տոկոս»,-բացատրել է Կարապետյանը` մատնանշելով չօգտագործված մեծ ներուժը:

Խոսելով երկաթգծի կառուցման մասին՝ վարչապետը ընդգծել է, որ դա կախված է ինչպես ֆինանսական հոսքերից, այնպես էլ ապրանքաշրջանառությունից, որը հնարավոր կլինի իրականացնել: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղին չպետք է ինքնանպատակ լինի:

Անդրադառնալով գազամուղին՝   կառավարության ղեկավարը նկատել է, որ նման ծավալների  ենթակառուցվածքը կառուցում են  ոչ թե այնպիսի փոքր պետությունները, ինչպիսին օրինակ Հայաստանն է, այլ նրանք, որոնք պատրաստվում են գազ մատակարարել: