Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Մեղրաձոր համայնքի Բանավան 2-րդ շենքի բնակիչ Տաթեւիկ Պողոսյանի նկատմամբ, ով ավազակային հարձակման մասին կեղծ հաղորդում էր տվել ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օերնսգրքի 333-րդ հոդվածով՝ «սուտ մատնություն»:
Հիշեցնենք, որ Տաթեւիկ Պողոսյանը վախենալով, որ ամուսինը «խոպանից» վերադառնալով կհարցնի, թե ուր են իր ուղարկած գումարները, մտահղացել է կեղծ ավազակային հարձակման սցենարը եւ դիմել ոստիկանություն:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին, ժամը 23-ի սահմաններում երկու տղամարդ խաբեությամբ իբր ներս են մտել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարան, եւ կատարել ավազակային հարձակում: Ըստ տուժողի, հանցագործները հափշտակել են 307 000 դրամ եւ 80 000 դրամ արժողության ոսկյա զարդեր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հետագայում, սակայն պարզվել էր, որ իրականում ոչ մի ավազակային հարձակում էլ տեղի չի ունեցել, ինչպես այս մասին ոստիկանությանը հայտնել էր հիշյալ բնակարանի տանտիրուհի Տաթեւիկ Պողոսյանը: Նա նաեւ հայտել էր, թե ավազակային հարձակում կատարողները դանակով սպառնացել են իր անչափահաս երեխաներին: Դեպքի վայրում քննչական գործողություններ կատարելուց հետո ոստիկանները կնոջն ու նրա անչափահաս դստերը՝ Անահիտին տարել էին ոստիկանության քննչական բաժին: Այստեղ էլ պարզվել էր իրականությունը:
Հանցագործության բացահայտմանն օգնել է երեխան, ով քննիչի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է, որ «ոչ մի ձյաձյա էլ չի եկել մեր տուն»: Նույն օրը նախաքննությունը պարզել է, որ Տաթեւիկի ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ եւ ժամանակ առ ժամանակ ընտանիքին գումար է ուղարկում՝ սոցիալական կարիքները հոգալու համար: Դեկտեմբերի 21-ին ամուսինը վերադառնալու էր տուն, եւ բնական է, որ կնոջից հաշիվ էր պահանջելու ուղարկված գումարները ծախսելու վերաբերյալ: Բայց քանի որ կինն այդ գումարները ծախսած է եղել, ուստի ամուսնուն խոստովանել է, որ ստիպված է եղել նման պատմություն հորինել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























