Ադրբեջանի հետ սահմանազատման համաձայնագիրը չի կնքվի Վրաստանի պետական շահերի հաշվին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում:
Նրա խոսքով, Ադրբեջանի հետ բանակցությունները սահմանի դեմարկացիայի մասին չեն ավարտվել, որովհետեւ որոշակի հարցերում համաձայնություն չի կայացել:
«Միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը մեր երկրի կողմից գլխավորում է իմ տեղակալ Դավիթ Ջալագանիան, փորձագետների ու դիվանագետների հանդիպումներնա անցկացվում են պարբերաբար: Այդ գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ երկու կողմերը կպայմանավորվեն»,- ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Նախարարի խոսքով, այդ հարցի վերաբերյալ շատ են գրում, եւ նա խորհուրդ տվեց այդ «նուրբ» հարցում ավելի զգույշ լինել:
Նշենք, որ Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովը գործում է 1996-ից: 480 կմ-անոց սահմանից համաձայնեցված է ընդամենը 300-ը:





























