Բելառուսի նախագահական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը այսօր` դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ այդ ընտրություններն անցել են օրենքի սահմաններում:
«Ես եղել եմ Բելառուսի 6 շրջաններում եւ 16 ընտրատեղամասերում. այն տեղերում, որտեղ ես եղել եմ, ընտրությունների ընթացքը խաղաղ էր եւ առանց օրինազանցությունների: Ցավում եմ, որ այդուհանդերձ տհաճ միջադեպեր տեղի են ունեցել»,-նշեց Ն. Զոհրաբյանը`հավելելով, որ հուսով է` երկխոսության ճանապարհով իշխանությունն ու ընդդիմությունը ընդհանուր լեզու կգտնեն:
Ա. Սաֆարյանի կարծիքով էլ` ԵԱՀԿ դիտորդները ուղղակի չեն ըմբռնել Բելառուսի օրենսդրական մոտեցումները ընտրություններին, այլապես ամեն ինչ ընկալելի ու ճիշտ կդիտվեր նրանց կողմից: «Բելառուսում կա վաղաժամկետ ընտրություններ հասկացությունը, հետո բողոքել են նրանց ձայների հաշվարկման սկզբունքից եւ հայտարարել որ այն թափանցիկ չէ. բայց չէ՞ որ բելառուսներն էլ իրենց ազգային առանձնահատկություններն ունեն այս գործընթացում»,-ընդգծեց նա, հույս հայտնելով, որ ամեն ինչ կկարգավորվի քաղաքական երկխոսությունների եւ հանդուրժողականության ճանապարհով:





























