Այսօր՝ դեկտեմբերի  27-ին, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում, «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել փախուստի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին շտապօգնության բրիգադը տեղափոխեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ականատեսները հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը Վրացական փողոցի բնակիչ Արմեն Քոչարյանն է:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Այս պահին Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը տեղազննման աշխատանքներ է կատարում, որն ավարտելուց հետո մեկնելու է հիվանդանոց:

Ականատեսները պատմում են, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի ավտոմեքենայով, ինչը կպարզվի ՃՏՀ քննության բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի