Թեհրանի «Էվին» բանտում  երեքշաբթի առավոտյան կախաղան են բարձրացրել երկու դատապարտյալների։

Մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Ալի Սարեմին, դատապարտվել էր ահաբեկչական խմբավորման անդամակցելու համար։ Երկրորդը՝ Ալի Աքբար Սիադատը, կախաղան է բարձրացվել իսրայելական «Մոսադի» օգտին լրտեսություն անելու համար։

Իրանական Irna գործակալության տվյալներով, Սիադատը ձերբակալվել էր 2008 թվականին, երբ «փորձում էր կնոջ հետ հեռանալ երկրից»։

Թեհրանը մեկ անգամ չէ, որ իսրայելական հատուկ ծառայություններին մեղադրել է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ։ Դեկտեմբերի սկզբին Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել էր ֆիզիկոս-միջուկաբան Մաջիդ Շահրիյարիի սպանության մեջ կասկածվող մի քանի մարդու ձերբակալելու մասին՝ հայտարարելով, որ այդ ահաբեկչության նախաձեռնության հետեւում կանգնած է «Մոսադը»։