Հպարտությամբ կարող եմ հայտարարել. մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վաղը հունվարի 25-ն է՝ այն օրը, երբ մենք 17 տարի առաջ անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին: Երբ անդամակցում էինք համաեվրոպական այս կառույցին, լիովին գիտակցում էինք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու: Գիտակցում էինք նաեւ, որ ժողովրդավարության կառուցումն ու ամրապնդումը առանց Եվրոպայի խորհրդի կառույցների աջակցության եւ անմիջական մասնակցության դյուրին չէին լինելու: Իսկապես, քաղաքական կամքի ու համատեղ կառուցողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ եւ հասնել խորքային բարեփոխումների:
Այսօր Վեհաժողովի այս դահլիճում, հպարտությամբ կարող եմ հայտարարել. մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները: Սա միայն մեր պնդումը չէ: Ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ մեր արձանագրած հաջողությունները ճանաչվել են Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների զեկույցներով։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք համաեվրոպական իրավական համակարգին միանալու գործընթացը, եւ այսօր մեր երկրի կողմից ստորագրված կոնվենցիաների թիվը մոտենում է 70-ի։ Ասեմ, որ սա սոսկ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթաց չէ մեզ համար. մենք առաջին հերթին մեր հավատամքն ու պատկերացումներն ենք կյանքի կոչում այս ճանապարհով։ Եվ դա շարունակելու ենք։ Ավելին, այս ապրիլից սկսած մեր երկրի ընթացքը բարեփոխումների ճանապարհով նոր արագություն է ստանալու, քանի որ նախ՝ այդ ժամանակ ամբողջովին ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները եւ երկրորդ՝ մենք արդեն սկսում ենք Եվրոպական միության հետ ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված քայլերը։
Յուրաքանչյուր ժողովրդավարություն կենդանի օրգանիզմ է: Մեր պետականաշինության քառորդդարյա ջանքերն ուղղված էին հենց դրա սնուցմանը: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը մշտապես պահանջում է ուշադրություն, վերաիմաստավորում, զարգացում. այն չի կարող դոփել տեղում եւ կենսունակ լինելու համար պետք է քայլի ժամանակին համընթաց։ Հենց այս տրամաբանությամբ էլ ձեռնամուխ եղանք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, որին Եվրոպայի խորհուրդը ցուցաբերեց իր համակողմանի աջակցությունը։
Ապրիլ ամսին ավարտին կհասնի այդ գործընթացը Եվրոպայի խորհրդի երեք հիմնասյուների՝ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման հստակ տեսլականով։ Մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ուղի ընտրեցինք անցումը խորհրդարանական կառավարման ձեւին։ Այդ գործընթացի մեկնարկը 2013 թվականին ազդարարեցի հենց այս բարձր ամբիոնից»:











