ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի եւ արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում եւ կավելացնի ներդրումների ծավալը:

«Մենք տեսնում ենք շատ դրական փոփոխություններ եւ ավելին ենք ակնկալում ապագայում։ Հավատացած եմ, որ «ՎԵՈՆ»-ի պես գլոբալ ընկերությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանում բիզնես մշակույթի, ինչպես եւ տնտեսական ու թվային զարգացման վրա», - նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, եւ կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա մեր նպատակն է բոլոր բաժանորդներին՝ այդ թվում Հայաստանի  մատուցել բարձրորակ ծառայություններ», - նշեց «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր Ժան Իվ Շառլիեն։

Նա տեղեկացրեց նաեւ, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարեւորությունն երկրի տնտեսության զարգացման համար:

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով։ Ժան Իվ Շառլիեն եւ Մարկ Մաքգանն նշեցին, որ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: