Պետք չէ շատ վախենալ բիթքոինի փոխարժեքի անկումից: Նման կարծիք հունվարի 24-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Blockchain Technologies Corporation կորպորացիայի տնօրեն, բիթքոինի միջազգային փորձագետ Նիք Սպանոսը:

Նա պարզաբանեց, որ բիթքոինի առավելությունը կայանում է նրանում, որ այն աշխարհում գոյություն ունի սահմանափակ քանակությամբ՝ 21 միլիոն, եւ, ի տարբերություն այլ արժույթների, այս կրիպտոարժույթի արժեզրկման ռիսկերը հարթեցված են:

«Պետք չէ բիթքոինը բացառապես որպես արժույթ դիտարկել, չնայած այն կարող է շատ լավ աշխատել նաեւ այդ դերում, եւ պետք չէ այն որպես ապրանք դիտարկել, թեեւ այն կարող է նաեւ ապրանք լինել»,- ասաց փորձագետը: Իրականում, շարունակեց նա, բիթքոինն ու բլոկչեյնը ֆինանսական գործարքների հավասար կողմերի միջեւ վստահության հաստատման միջոց են:

«Բլոկչեյնն իրենից հսկայական տվյալների բազա է ներկայացնում, որտեղ գրանցվում է բիթքոինով արված ցանկացած գործողություն, եւ այդ գործողությունները կեղծելու հնարավորությունը զրոյական է, քանի որ հզոր կրիպտոտեխնոլոգիաները դա թույլ չեն տալիս», - ասաց Նիք Սպանոսը` հավելելով, որ մարդիկ վերջապես կարող են վստահել միմյանց, եւ այդ հնարավորությունը ընձեռնվում է հենց բիթքոինի կողմից: