«Մեծն Էրիկ» շինարարական կազմակերպությունը հաղթող է ճանաչվել Սեւան քաղաքի դատարանի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթում։ Մրցույթն անցկացվել է «Միջազգային զարգացման ընկերակցության» միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում։
Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 3 կազմակերպություններ՝ «Մեծն Էրիկ», «Բաղրամյանշին», «Ախուրյանկոոպշին»։
«Բաղրամյանշինի» հայտը որակազրկվել է, քանի որ տվյալ կազմակերպությունն իր հայտում ներկայացրել է կեղծ եւ անարժանահավատ տեղեկություններ՝ «Արդշինինվեստբանկ»-ում առկա դրամական միջոցների վերաբերյալ։ Կեղծիքը պարզվել է «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի ներկայացրած պաշտոնական գրության միջոցով: Բացի դրանից՝ անարժանահավատ տեղեկություններ են ներկայացվել նաեւ ընկերության կողմից կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ:
«Մեծն Էրիկ»-ը հաղթող է ճանաչվել այն պատճառով, որ նրա հայտը մի քանի մլն դրամով պակաս է եղել մրցակցի հայտից եւ կազմել է 593,7 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար)։




























