Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդյունավետությունը հարկավոր է բարձրացնել, հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 «Ինձ թվում է, որ պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը: Կարծում եմ, որ բոլորն այդպես էլ կանեն», - նշել է դիվանագետը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ ղարաբաղյան հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է:

Զախարովան նաեւ ավելացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:

Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ տարածքում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում աջակցությունը, այդ թվում, Հարավային Կովկասում:

Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: