Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ է ստանձնել իր պաշտոնը, նոր աշխատակարգ է ներմուծել քաղաքապետարան: Նա հայտարարել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները ձեւականությունների հետեւից չընկնեն եւ աշխատանքային օրվա ավարտից՝ ժամը 18:00-ից հետո լքեն աշխատավայրը՝ «իզուր ձեւեր չթափեն, թե գործի տեղը երկար են մնում»:
Կարեն Կարապետյանն առաջարկել է նաեւ «պրադվինուտի» լինել ու օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից. ավագանու նիստերի ժամանակ ավագանու որոշումները ոչ թե «դափոնով» դնել իր ու ավագանու անդամների առաջ, այլ աշխատանքային թղթաբանությունն իրականացնել էլեկտրոնային տարբերակով: Դե իսկ թղթի խնայումից գոյացած գումարներն էլ ուղղորդել այլ՝ ավելի կարեւոր խնդիրների լուծմանը:
Քաղաքապետը որոշակի նորամուծություն է մտցրել նաեւ մամուլի բաժնում: Նա առաջարկել է օրվա մամուլի տեսությունը իրեն ներկայացնել ոչ թե թղթի վրա սղագրված, ինչպես նախորդ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում էր, այլ ուղարկել կոնկրետ հոդվածների «լինքերը», հարկ եղած դեպքում էլ տվյալ հոդվածի «սքան» արված տարբերակը:
Ի դեպ, մի բան էլ. Կարեն Կարապետյանը, ով խոստացել էր կադրային ցեղասպանություն չանել, կրկին հայտարարել է, թե ոչ մեկին աշխատանքից չի հեռացնելու: Իսկ նրանք, որոնց սրտով չէ նոր աշխատակարգը, կարող են «հրաժեշտի դիմում» գրել: Ահա այսպես՝ պարզ ու առանց սեթեւեթանքների: Ասում են, թե քաղաքապետարանում ոմանք երանությամբ են հիշում «Բեգլարյանի ժամանակները»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























