Լրագրողները, եւ մանավանդ խմբագիրները, այն փոքրաթիվ մարդկանցից են, ովքեր, ամբողջ տարին անդադար աշխատելով, արդարացիորեն հանգստի իրավունք ունեն։ NEWS.am-ի թղթակիցը, փորձել է պարզել, թե որտեղ են պատրաստվում անցկացնել Ամանորը  «Հայկական ժամանակ», «Առավոտ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «Ժամանակ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրները:

Ըստ այդմ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Գեւորգյանն, օրինակ, Նոր տարին դիմավորելու է Երեւանում՝ ընտանիքի հետ, համտեսելու է իր սիրած պասուց տոլման, քյուֆթա, հնդկահավ, իսկ Ձմեռ պապիկից էլ, որպես նվեր, ժողովրդավարություն եւ ազատություն է խնդրելու։ Նա նաեւ տեղեկացրեց, որ «Հայկական ժամանակ»-ի խմբագիր, ազատազրկման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը Ամանորի նախաշեմին «շատ լավ է եւ մարտական»։ 

 «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանն էլ տեղեկացրեց, որ Ամանորին մնալու է Երեւանում։ Հարցին, թե ի՞նչ  է նախընտրում ամանորյա սեղանից, նա պատասխանեց, որ այն ամենն, ինչ համեղ է, սակայն քիչ քանակությամբ եւ թարմ վիճակում։ «Ձմեռ պապիկից էլ քաղաքացիական հաղթանակ, ժողովրդավարություն եւ իրական անկախություն կուզեի»,-եզրափակեց նա։

NEWS.am-ի թղթակիցը, նույն հարցերն ուղղելով, «Հրապարակ» եւ «Առավոտ» օրաթերթերի խմբագիրներ Արմինե Օհանյանին եւ Արամ Աբրահամյանին, տեղեկացավ, որ նրանցից առաջինը Նոր տարուն Հայաստանում, հաստատ, չի լինելու։ Արմինե Օհանյանը մեծ ուրախությամբ հայտարարեց, որ թեպետ դեռ չի որոշել, թե հատկապես որ երկրում կլինի տոներին, սական Նոր տարին միանշանակորեն Հայաստանից դուրս է նշելու։ «Արդեն մի քանի տարի է, Ամանորը նշում եմ արտերկրում, ուզում եմ այդ 10 օրը կտրվել քաղաքականությունից, հոգսերից։ Հավանաբար ծովափնյա հանգիստ կընտրեմ»։

Հարցին, թե ի՞նչ կխնդրեր Ամանորին Ձմեռ պապիկից, նա պատասխանեց. «Երեւի անձնական երջանկություն եւ մեկ էլ՝ հաջորդ տարին լավ տարի լինի, նախընտրական, ծանր տարի է։ Կցանկանայի նաեւ,որ թերթը մի կարգ առաջ գնար»։

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Նոր տարին կդիմավորի Ծաղկաձորում։ «Ուտեստների առումով պահանջկոտ չեմ, ինչ կմատուցեն այն էլ կուտեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Ձմեռ պապիկից, որպես նվեր, կխնդրեր, որպեսզի օրը  24 ժամվա փոխարեն առնվազն 30 ժամ ունենար։

«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյան էլ ասաց, որ ԱՄՆ-ում եւ ազատազրկման վայրում Ամանորներ դիմավորելուց հետո այս տարի Նոր տարին  կանցկացնի Հայաստանում՝ ընկերների եւ հարազատների շրջապատում։ «Ձմեռ պապիկից էլ արմատական փոփոխություններ կուզեի»,- ասաց նա։

«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանից տեղեկացանք, որ նա տոները դիմավորելու է կրտսեր որդու տանը։ «Դա նաեւ բնակարանամուտ է լինելու։ Ինչ վերաբերում է ուտելիքներին, Նոր տարվա գիշերը սովորաբար չեմ կարողանում կարգին հաց ուտել, խմած եմ լինում, ախորժակս ընկնում է։ Հաջորդ օրերին գայլի ախորժակ է բացվում»,- պատմեց նա միաժամանակ ավելացնելով, որ Ձմեռ պապից խնդրելու է, որ երկրի վիճակը հաջորդ տարի լավանա։