Ճագարի տարում ծնված՝ Հայաստանի ԱԺ-ի 8 պատգամավորներից մեկը ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն է:
Նա ծնվել է 1963 թվականին, օգոստոսի 11-ին: «Ես քիչ եմ հավատում հորոսկոպին: Ծնվել եմ օգոստոսի 11-ին, ամսով՝ առյուծ եմ: Այդ օրը հայկական տոնացույցով Նավասարդի օրն է, եւ եթե հիշում ենք, մեր խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել՝ այդ օրը ճանաչել որպես ազգային ինքնության օր, բայց ոչ այն պատճառով, որ իմ ծննդյան օրն է»,-նշեց Կարապետյանը:
Հարցին, թե ճագարին հատուկ գծերից որո՞նք են տիպական նաեւ իրեն՝ որպես մարդ ու քաղաքական գործիչ, պատգամավորն արձագանքեց. «Ես գնահատում եմ ճագարի զգուշությունը, ոչ թե վախկոտությունը, որովհետեւ վախկոտ մարդ չեմ սիրում եւ վախկոտ մարդը հայ լինել չի կարող: Զգուշությունը վատ բան չէ, եթե այն արդարացված է»:
Ինչեւէ, անկախ այն բանից, թե կհամընկնի իր ծնված տարին եկող տարվա հետ, Հրայր Կարապետյանը մաղթում է, որ եկող տարին լինի անամպ, խաղաղ, ստեղծագործ տարի: «Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր խաղաղ տարի եղել է առաջադիմության եւ ծաղկման տարի: Չեմ կարծում, որ եկող տարին կլինի բացառություն»: Նա նշեց, որ եկող տարում երկրում պետք է վարվի այնպիսի սոցիալական քաղաքականություն, որպեսզի որեւէ հայ չմտածի երկիրը լքելու մասին: «Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր հայ ցանկանա ապրել, աշխատել եւ ստեղծագործել իր երկրում»:
Ամփոփելով 2010 թվականը՝ ՀՅԴ-ական պատգամավորը նշեց այս տարվա ձեռքբերումներն ու բացթողումները. «Կարելի է որպես ձեռբերում ներկայացնել այն, որ մեր համար թիվ մեկ ազգային խնդիր համարվող ԼՂ հարցում չենք գնացել զիջումների, եւ պահել ենք ազգովի ձեռք բերված նվաճումները: Հուսով եմ, որ պետք է շարունակենք վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի որեւէ զիջման այսուհետ չգնանք: Նկատենք, որ հայ-թուրքական հարցում եւս մենք չգնացինք զիջումների, որոնք կվտանգեին մեր ինքնությունն ու ազգային պետական շահերը: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա, մենք պետք է վարենք նաեւ այնպիսի քաղաքականություն, որը կմեղմի սոցիալական լարվածությունն ու հնարավորություն կտա բարեկեցիկ պայմաններ ապահովել երկրի բնակչության համար»: Ինչ վերաբերում է բացթողումներին. «Հիմնական բացթողումը առնվազն տնտեսության մեջ քիչ են տեղաշարժերը: Հույս ունեմ, որ եկող տարին կլինի սոցիալական եւ տնտեսական առաջադիմության տարի, որն է՜լ ավելի կհամախմբի մեզ եւ կդառնա արտաքին եւ ներքին ճակատում մեր նոր հաղթանակների գրավականը»,-հույս հայտնեց Կարապետյանը:





























