2010-ը Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ակտիվ հաղորդակցության տարի էր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բաժանմունքի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին։ Նա շեշտեց, որ անցնող տարում կայացած մի շարք հանդիպումներում Հայաստանի եւ Շվեյցարիայի պաշտոնատար անձինք քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։

Օբոլենսկին նաեւ նշեց, որ փետրվարին երկու երկրների միջեւ սկսել է գործել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց վիզաների վերացման համաձայնագիրը։ «Նոր կարգը հայ դիվանագետներին հնարավորություն կընձեռի ավելի հեշտ մեկնել Շվեյցարիա»,- ընդգծեց նա։

Դիվանագետը նաեւ խոսեց 2011-ին նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների մասին՝ նշելով, որ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շվեյցարիայի դեսպանատան բաժանմունքը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ մարտին նախատեսված հանդիպմանը։

Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ 2010 թվականին իր համար ամենահիշարժան իրադարձությունը եղել է  Տաթեի ճոպանուղու բացման արարողությանը ներկա գտնվելը։

Լինելով այն քիչ դիվանագետներից, ովքեր Սուրբ Ծննդյանն ու Ամանորին մնում են Հայաստանում, Օբոլենսկին ասաց, որ հյուրեր է ընդունելու Շվեյցարիայից եւ պատրաստվում է հանդիպել հայ ընկերների հետ։ Շվեյցարացի դիվանագետը մեր ընթերցողներին եւ ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում մաղթեց։