Այս տարվա ընթացքում ներմուծման եւ արտահանման ոլորտներում բավականին դրական ցուցանիշներ են գրանցվել. մասնավորապես՝ արտահանման բնագավառում գրանցվել է 41 տոկոսի աճ եւ ընդամենը 14 տոկոսի աճ՝ ներմուծման բնագավառում։ Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով, սա խոսում է հայաստանյան տնտեսության արագ վերականգնման մասին։ «Եթե այս միտումները շարունակվեն նաեւ ապագայում, իսկ դա նախատեսված է եկող տարվա բյուջեում,ապա առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանանք արձանագրել, որ ներմուծման եւ արտահանման ցուցանիշները հավասարվում են։ Այս տարվա համար կարող եմ նշել, որ ներկրումները նվազել են 5 տոկոսով»,- հայտարարեց Մինասյանը։

Անդրադառնալով գնաճի թեմային՝ նա նկատեց, որ 8 տոկոսանոց աճն աննախադեպ է վերջին տարիների համար։ «Սա բավական մտահոգիչ ցուցանիշ է, որը զգալիորեն գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը։ Երբեք այսպիսի մեծ գնաճ չենք ունեցել»,- փաստեց Մինասյանը։
Հարցին, թե, ըստ իրեն, ինչպիսին  հնարավոր կլինի անվանել հաջորդ տարին, ԱԺ պատգամավորը նշեց. «2011-ը մենք կկոչենք առաջին կայուն զարգացման տարին ճգնաժամից հետո։ Հաջորդ տարի եւս մեծ ուշադրություն կդարձվի արդյունաբերության  ոլորտին, քանի որ վճռական ենք արդյունաբերությունը տնտեսության զարգացման շարժիչ ուժ դարձնելու հարցում։ Մենք վճռական ենք նաեւ այն հարցում, որ տնտեսությունը պետք է դառնա ավելի դիվերսիֆիկացված։ Եթե այս տարվա պետբյուջեով նախատեսված էր 1,2 տոկոս տնտեսական աճ, ապա եկող տարվա բյուջեով այդ ցուցանիշը հասցված է 4,6 տոկոսի։ Ընդ որում, տնտեսական աճի մեջ գերիշխող է լինելու արդյունաբերության ներդրումը։ Տնտեսական աճին նպաստելու է նաեւ փոքր եւ միջին բիզնեսի խրախուսումը»,- ամփոփեց Մինասյանը։