Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ:

Երիցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին:  Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության եւ բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում:

Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն, որտեղ միահյուսված էին կատակերգական, ֆարսային եւ դրամատիկական կերպավորումները` լի տաղանդավոր արվեստագետի ինքնատիպ մեկնաբանություններով:

Հայ մշակույթի երախտավորների աստղաբույլում միշտ էլ սիրով ու գնահատանքով է շրջապատված եղել մեծ դերասանը, որի վկայությունն են նրա վայելած համաժողովրդական սերն ու գնահատանքը:

Սիրված դերասանի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում եւ հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ»:

Նշենք, որ Կիմ Երիցյանը մահացել էր երեկ՝ դեկտեմբերի 27-ին, կյանքի 80-րդ տարում: