«Հեռու եմ այն մտքից, որ ձուն արտադրվում է, սակայն շուկա չի հանվում, որովհետեւ դա շատ հեշտ բացահայտվող եւ խիստ դատապարտելի երեւույթ կլիներ»,- դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուղղակիորեն զբաղվում է ձվարտադրող ձեռնարկություններով եւ թույլ չի տա,որ ձվի շուկայում գները չհիմնավորված բարձր լինեն։
«Հեռու եմ նաեւ այն մտքից, որ ձվի գների բարձրացումը պայմանավորված է ձվարտադրողներ համաձայնեցված քայլերով։ Խոսակցությունները, թե հանրապետություն ձու է ներկրվել, նշանակում է, որ դրա պահանջարկը կա։ Ավելի ստույգ՝ կա մեծ պահանջարկի եւ փոքր առաջարկի խնդիր»,- եզրակացրեց Մինասյանը։
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին նա նկատեց, որ այդ բնագավառը էական ներդրումների կարիք ունի։ «Առանց լուրջ ներդրումներ այս բանագավառում մրցունակ տնտեսություն դժվար է ստեղծել։ Լուծումները կարող են լինել, օրինակ, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։ Մի բան ակնհայտ է. մեր հողակտորների փոքր ծավալները, մեր գյուղական տնտեսությունների փոքր քանակը դժվարացնում են գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետությունը, եւ այստեղ կոոպերացիան, թերեւս կարող է դառնալ խնդրի լուծման ամենաարագ ճանապարհներից մեկը։ Պետությունն իր գործողություններով կարող է գյուղական տնտեսություններին դրդել գնալու կոոպերացիաների,մեծացնել եւ համատեղ մշակել հողակտորները»,- նկատեց Մինասյանը։




























