NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ։

Անցնող տարին ինչպե՞ս կգնահատեիք։ Ո՞րն է, ըստ Ձեզ, 2010 թվականի ամենահիշարժան իրադարձությունը։ 

Միացյալ թագավորության համար տարվա ամենակարեւոր իրադարձություններն էին մայիսի ընտրություններն ու վերջին տարիների պատմության մեջ առաջին կոալիցիոն կառավարության ձեւավորումը: Կառավարությունը կոշտ միջոցներ ձեռնարկեց պետական բյուջեն վերականգնելու նպատակով, այդ թվում զգալիորեն կրճատելով  բյուջեի ծախսային մասը: Իսկ դիվանագետների համար սա նշանակում է շեշտը դնել տնտեսական եւ առեւտրային ոլորտի վրա, այդ թվում այստեղ, Հայաստանում: Հայաստանի համար երեւի թե կառանձնացնեի ԵՄ-ի հետ հուլիսին մեկնարկած Ասոցիացման Համաձայնագրի բանակցությունները: Սա բարդ գործընթացի սկիզբն է, տարիներ կպահանջվեն իրագործելու մի շարք միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են «Ազատ Առեւտրի Խոր եւ Համապարփակ Համաձայնագիր» (Deep and Comprehensive Free Trade Agreement) կնքելու եւ վիզաների ռեժիմի հեշտացման համար: Բայց կարծում եմ սա կարեւոր է Հայաստանի համար. սա նշանակում է ԵՄ-ի հետ հարաբերությունների  իրապես նոր մակարդակ ու բազում ռեֆորմների աջակցություն:

Հայ-բրիտանական հարաբերությունների մակարդակն ինչպե՞ս կգնահատեիք։

Մենք շարունակում ենք մեր լավ երկկողմ հարաբերությունները եւ համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, սկսած ԵՄ-ի հետ աշխատելու համար պաշտոնյաների վերապատրաստումից մինչեւ պաշտպանության ոլորտի բարեփոխում, խաղաղարար նախաձեռնություններից ու մարդու իրավունքների ոլորտում ծրագրերից մինչեւ աջակցություն անգլերեն լեզվի ուսուցիչներին եւ ուսանողներին:  ՄԹ նոր կառավարությունը շեշտը դնում է առեւտրային կապերի վրա, եւ մենք կցանկանայինք տեսնել ավելի շատ բիզնես-կապեր երկու երկրների միջեւ: Բայց որոշ դրական զարգացումներ արդեն կան, օրինակ Հայ-բրիտանական առեւտրային պալատի ստեղծումը Երեւանում, իսկ Լոնդոնում նոյեմբերին սկսեց գործել նոր Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բիզնես-գործընկերություն: Հոյակապ տարի էր նաեւ մշակութային հարաբերությունների առումով. Բրիտանական Խորհուրդը Երեւանում ու Գյումրիում կազմակերպեց ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոփառատոններ, այլն:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք 2011 թվականին։

Բացի մեր երկկողմ կապերը շարունակելուց, մի քանի խնդիրներ կան, որոնք հարաճուն կարեւորություն են ստացել 2010-ին եւ որոնք, հույսով եմ, հաջորդ տարի դրական առաջընթաց կգրանցվի: Դրանցից մի քանիսն են.

Ողջունում եմ բարեփոխումները, որոնք տեղի են ունենում մասամբ ԵՄ-ի աջակցությամբ ու համագործակցության արդյունքում: Ես նկատել եմ նախագահի եւ վարչապետի վերջերս արված դիտողությունները կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Սա հեշտ բան չէ եւ նշանակում է աշխատել մի քանի ուղղությամբ, բայց ես իսկապես հույս ունեմ, որ միջոցառումները արդյունք կտան: Անհրաժեշտ է նաեւ փոխել վերաբերմունքը բիզնեսում եւ հասարակության մեջ, որպեսզի մարդիկ չընկալեն կաշառակերությունը որպես կյանքի փաստ:  Անհրաժեշտ է գործողություն պետության կողմից ցույց տալու համար, որ իրենք լուրջ են վերաբերվում այս հարցին:

Հուսով եմ տեսնել նաեւ արդեն ծրագրված հետագա բարեփոխումները մի շարք այլ ոլորտներում, օրինակ ընտրական օրենսգրքում եւ հեռարձակման մասին օրենքում: Լավ կլիներ որոշակի առաջընթաց գրանցել կանանց նկատմամբ բռնության խնդրում. այս պրոբլեմը կա շատ երկրներում, բայց այն պետք է ըմբռնել եւ պայքարել դրա դեմ:

Կցանկանայի տեսնել նաեւ ավելի շատ ուշադրություն բնապահպանական հարցերին: Մենք բոլորս պետք է լուրջ վերաբերենք կլիմայի փոփոխությանը. Վերջին տարիներին մենք զգում ենք եղանակային փոփոխությունը, եւ սա շարունակվելու է ու լուրջ ազդեցություն կունենա մարդկանց կյանքի, գյուղատնտեսության վրա, օրինակ՝ հաճախակի ջրհեղեղների եւ հողի փլուզվածքի ձեւով:  Սա համաշխարհային պրոբլեմ է, եւ երկրները պետք է միասին գործեն արդյունքի հասնելու համար: Խոսելով ավելի տեղային, ես կուզեի ավելի շատ ուշադրություն դարձվեր շրջակա միջավայրին, պահպանվեին թե քաղաքների կանաչ տարածքները, եւ թե թանկարժեք բնական արգելոցներն ու կենսաբազմազանությունը:

Հաջորդ տարի ի՞նչ նոր ծրագրեր եւ անելիքներ են նախատեսված։ 

Մենք կշարունակենք մեր ունեցած ծրագրերը, ներառյալ խաղաղարարության ոլորտում: Մարտին, օրինակ, մենք կաջակցենք, որ հայաստանցի, ղարաբաղցի եւ ադրբեջանցի երիտասարդները այցելեն Մեծ Բրիտանիա մասնակցելու Peacejam հանդիպմանը. սա մի կազմակերպություն է, որը աշխարհի բոլոր կողմերից հավաքում է երիտասարդներին Նոբելյան մրցանակակիրների հետ աշխատելու, նրանցից ոգեշնչվելու նպատակով: Չնայած հեշտ չէ, բայց կարծում եմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել կոտրելու արգելապատերը - աշխարհագրական, քաղաքական, ու հոգեբանական՝ անվտանգության, կայունության ու զարգացման հիմքը ստեղծելու համար: եւ անհամբեր սպասում եմ մեր  մշակութային ծրագրերին. այժմ աշխատում ենք մեր հաջորդ Բրիտանական կինոփառատոնի պլանների վրա:

Ի՞նչ կցանկանաք մաղթել հայ ժողովրդին Ամանորի կապակցությամբ։

Մաղթում եմ հայ ժողովրդին առողջ, անվտանգ ու բարեկեցիկ Նոր Տարի: