Հայաստանի խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 28-ին շարունակվել են ԱԺ մշտական հանձնաժողովների ճեպազրույցները: Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ամփոփելով տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները` առանձնացրեց դեկտեմբերի 1-2-ը Եվրախորհրդարանում հայկական պատվիրակության նախաձեռնությամբ ցուցադրված «Ջուղա. 21-ր դարի վանդալներ» ֆիլմի ցուցադրությունը, որին  մասնակցել է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը:

Դրանից հետո, ինչպես հայտնի է, Բրյուսելում Ադրբեջանի ներկայացուցչությունը բողոքի նոտա հղեց Եվրախորհրդարանին, նշելով, թե հայկական պատվիրակությունը խեղաթյուրել է փաստերը: Ժամանակի սղության պատճառով 11-րդ միջխորհրդարանական նիստին ցուցադրվել է միայն Ջուղայի վերքբերյալ ֆիլմը,  որից մեկ օրինակ փոխանցվել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Ռուզեկին: «Եվ ես վստահ եմ, որ այդ ֆիլմերը դիտելուց հետո եվրապառլամենտի նախագահը կհասկանա, որ որեւէ փաստ, որեւէ դետալ խեղաթյուրված չի եղել: Ընդամենը եղել են վավերագրական կադրեր, ի դեպ, ոչ հայկական  կողմի նկարած, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողներն ուղղակի կացնահարում, փոշիացնում դարավոր խաչքարերը»,-նիստի ընթացքում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատվիրակությունը ներկայումս պատրաստվում է Հ1-ի նկարահանած  «Բաքու», «Մարաղա» եւ «Սումգաիթ» ֆիլմերը վերածել սեղմագիր`10 րոպեանոց DVD  տարբերակի, որպեսզի արդեն հաջորդ նիստի ընթացքում ցուդարվի:  

Եվրաինտեգրացման հարցերի հանձնաժողովը նախորդ տարվա ընթացքում կազմակերպել է 2 լսում՝ ՀԿ-ների ու հաշմանդամների հիմնախնդիրների վերաբերյալ: Ծրագրվում է  եւս մեկ արտագնա լսում կազմակերպել Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում: