Գյուղնախարարի պաշտոնանկությունը հազիվ թե կապված լինի ձվի գնի թանկացման հետ, այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների տարեվերջյան ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Նա նշեց, որ ձվի, ինչպես նաեւ պանրի  թանկացումը որեւէ նախարարի կամ մեկ այլ պաշտոնյայի գործունեությամբ չի պայմանավորված։

«Սա ավելի շուտ պայմանավորված է արտադրական եւ տնտեսական հարաբերություններով, եւ սա զգուշացնում է մեզ, որ մենք այդ ոլորտներում ունենք լուրջ կառավարման վերափոխման խնդիր»,-ասաց Հակոբյանը։ Պատգամավորը վստահեցրեց, որ իր տեղեկություններով, երբ ամռանը ձվի գինն անկում ապրեց, ձու արտադրողները պարտադրված թռչնի մորթ սկսեցին: «Սա է պատճառը, որ դեկտեմբերին, երբ մարդկանց մոտ սննդի պահանջարկը մեծանում է, ձվի դեֆիցիտ է առաջանում. այսինքն ամռանը վերացնելով արտադրական պոտենցիալը՝ մենք հիմա եկանք եւ կրախի դեմ առանք»,-հայտարարեց Հակոբյանը։

«Ձվի դեֆիցիտի եւ ձվի գների հարցում Գերասիմ Ալավերդյանը մեղք չունի»,– իր հերթին հայտարարեց ԱԺ գյուղատնտեսական եի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ՕԵԿ–ական նախագահ Խաչիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ձվի թանկացման պատճառների ուսումնասիրման հարցում իր ծանրակշիռ խոսքն ունի ասելու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Այն պետք է ուսումնասիրի թանկացման պատճառներն ու մեղավորներին պատասխանատվության կանչի։