Ամեն օր Երեւանի փողոցներում հայտնվում են տոնածառերի առեւտրի նոր կետեր: Որքան մոտենում են տոները, այնքան ավելի շատանում են սոճիները, որոնք արդեն դուրս են մղում եղեւնիներին:
Եղեւնիների օտարերկրյա ծագումն աչքի է ընկնում: Ծառերը մեկը մյուսի նման են` գեղեցիկ, հավասար ճյուղերով: Իսկ սոճիներն անհամաչափ են, ճյուղերը` կտրտված: Շատ դեպքերում ծառը կիսով չափ է կտրված: «Էկոլուր»-ում համոզված են, որ բոլոր եղեւնիներն էլ բերված են արտասահմանից: Նրանց ընտրել են, դարսել, աշխատել են պահպանել արտաքին տեսքը, որպեսզի արդարացվի բարձր գինը, որն ընդգրկում է ճանապարհածախսը եւ մաքսային վճարները:
Սոճիների դեպքում այլ է: Նույնիսկ թարմ կտրվածքի վրա երեւում է, որ այդ ծառերը հատվել են մոտակա անտառներից, եւ անմիջապես վաճառքի են հանվել:
«Էկոլուրի» տեղեկացմամբ՝ տոնածառերի հատման արգելքը Հայաստանում ուժի մեջ է, իսկ եթե համապատասխան տեսչությունը չգիտի, թե ինչպես տարբերի տեղական սոճիները ներկրվածներից, ապա պարզապես պետք է ստուգի փաստաթղթերը:





























