Հայաստանում աշխատանքի արտադրողականության բարձրացման եւ նոր տեխնոլոգիաների կիրառման հիմնական խոչընդոտը ֆինանսական շուկայի անկատարությունն է։ Այդ մասին NEWS.am-ին ասաց «Սթար» սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը։ «Մեր ֆինանսական հատվածը մեզ թույլ չի տալիս, որպեսզի ընկերությունները լավ ներդրումներ կատարեն նոր տեխնոլոգիաների եւ արտադրողականության բարձրացման մեջ։ Փակ մրցակցային դաշտը, օրենքները, շուկայի կազմակերպավածությունն այնպիսին են, որ կանգնեցնում են արտադրողականության բարձրացումը։ Դաշտը մրցակցային չէ, եւ հետևաբար՝ մենաշնորհային ընկերությունները կարիք չունեն ներդրումներ անելու արտադրողականությունը բարձրացնելու մեջ»,- կարծում է Վ. Քերոբյանը։
Իրենց դերն են խաղում նաեւ կրթության ցածր որակը եւ միջազգային փորձի բացակայությունը։ Ըստ Վ. Քերոբյանի՝ խնդիրներ կան նաեւ օրենսդրական դաշտում։ «Շատ ոլորտներում օրենքներն այնպիսին են, որ թույլ չեն տալիս ներդրումներ կատարել արտադրողականության բարձրացման մեջ, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում, ու հատկապես՝ անասնապահությունում»,- ասաց Վ. Քերոբյանը։ Մի շարք ոլորտներում չի լուծվել ավելացված արժեքի հարկի վերադարձման խնդիրը։ Հետեւաբար՝ մեծ խաղացողները, որոնք չեն կարող ոչ թափանցիկ գործունեություն վարել, հնարավորություն չեն ունենում ներդրումներ անել եւ վայելել այդ ներդրումների արդյունքը:
Այն հարցին, թե ի՞նչ կարելի է անել, Վ. Քերոբյանը պատասխանեց, որ նախ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել։ Մասնավորապես՝ ԱԱՀ-ը չպետք է կիրառվի գյուղատնտեսության ոլորտում, կամ այդ օրենքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ հավասար, որը պրակտիկորեն չի գործում: Իսկ հիմնական խնդիրը հավասար մրցակցային դաշտի եւ բարենպաստ ներդրումային ֆոնի ստեղծումն է։
Նշենք, որ ըստ Ազգային մրցունակության զեկույցի՝ Հայաստանում արտադրողականությունը մոտ 10 անգամ ավելի ցածր է, քան զարգացած երկրներում:





























