2010 թվականը բացասական սպասումների եւ հասարակական ճգնաժամի տարի էր:
Դեկտեմբերի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կամզակերպած «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ 2010 թվականին չհաջողվեց հաղթահարել 2009 թվականի տնտեսական ճգնաժամը եւ դրա պատճառը ոչ միայն արտաքին ազդակներն էին, այլեւ քաղաքական եւ տնտեսական օլիգարխիան:
Լիլիթ Գալստյանի խոսքով, Կառավարոթյունը չունի այնքան քաղաքական կամք ու տնտեսական ռազմավարություն, որպեսզի կարողանա զսպել գնաճը: «Մեր տնտեսությունն այնքան խոցելի է դարձել, որ մենք այսօր կախված ենք ինչ-որ 50 դրամանոց ձվից»,-ասաց Աժ պատգամավորը:
Հանդիպմանը ներկա «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը համաձայնեց Գալստյանի հետ եւ նշեց, որ 2010 թվականին ժողովուրդն իրոք ներքաշված է եղել ճգնաժամի մեջ եւ դա նախորդ տարիների վարած քաղաքականության արդյունք է: «Շուկայի եւ ռեսուրսների փոքրացման արդյունքում վայրագ եւ կատաղի պայքար սկսվեց ներմուծողների եւ տեղական արտադրողների, խոշոր եւ փոքր ու միջին ձեռնարկությունների միջեւ: Բնականաբար այս վայրագ պայմաններում խոշորներին հաջողվեց կլանել փոքրերին եւ դաշտը գնաց օլիգոպոլացման»,-ասաց Սաֆարյանը` նշելով, որ այս ամենի լուծումը օրենքների գերակայությունն ու կիրառումն է:
«Պետք է օրենքները կիրառել սեփական անձից եւ սեփական շրջապատից սկսած եւ պարտադրելով պետական մարմիններին կատարել այն գործառույթները, որոնք նրանք կոչված են կատարել սահմանդրությամբ եւ օրենքներով:
Իսկ իշխող ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանն էլ ասաց, որ 2010 թվականին 2009 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է տնտեսական աճ 2,6 տոկոսով: Իսկ տնտեսական բացասական երեւույթներից նա նշեց գնաճն ու աղքատութան խորացումը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը նշեց, որ սոցիալական խնդիրների լուծման առումով 30 մլրդ դրամ է ծախսվել: Նրան հուզում է, որ երկրի արտաքին պարտքը կրկնապատվել է, ինչը վատ ցուցանիշ է:
«Բոլոր դեպքերում մեղմացուցիչ մի հանգամանք կա, որ մինչ օրս պարտքերի պարտավորության կատարման առումով վարկատու կազմակերպությունները բարձրաձայն չեն աղաղակել այն մասին, որ ՀՀ արտաքին պարտքի սպասարկման առումով որոշ դժվարություններ ունեցել է»,-նշեց Բոստանջյանը` հավելելով, որ այս ամենում մեծ նշանակություն ունեն արտաքին խոշոր խաղացողները:




























