Մարզիկների Strava սոցցանցը թույլ է տալիս հայտնաբերել ամբողջ մոլորակի ռազմաբազաները: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ ընդգծելով, որ «ամերիկացի զինվորները չեն էլ կասկածում, որ  վազելով՝ գաղտնի տեղեկություններ են բացահայտում»:

Պաբերականը նշում է, որ Strava-ն, որի կենտրոնական գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում է, պնդում է, որ ամբողջ աշխարհում իր ծրագրերից օգտվում է 27 մլն մարդ: Այն GPS հավելված է առաջարկում վազորդների, հեծանվորդների, դահուկորդների, լեռնագնացների եւ սպորտի այլ սիրահարների համար, որը նրանց թույլ է տալիս իրենց զբաղմունքին հետեւել GPS միջոցով, վերլուծել ֆիզիկական ակտիվության ցուցանիշները, որոնք հավաքում են Fitbit տեսակի ֆիթնես թրեքերները:

Սեփական հնարավորությունները ցուցադրելու համար Strava-ն 2017-ի նոյեմբերին իր կայքում Global Heat Map ինտերակտիվ քարտեզ է տեղադրել, որի վրա լուսարձակվում են բոլոր շրջանները, որտեղ ցանցի օգտատերերը սպորտով են զբաղվում: Պատկերը մանրամասնելու դեպքում հնարավոր է տեսնել վազորդների ու հեծանվորդների նույնիսկ ուղիներն ու արահետները: Ինչպես նշում է պարբերականը, անցած շաբաթ հենց դրանց նկատմամբ է հետաքրքրություն դրսեւորել Ավստրալիայից 20-ամյա ուսանող Նաթան Ռազերը՝ ցանկանալով ստուգել, թե արդյոք քարտեզը ցույց կտա Սիրիայում ամերիկացի զինվորների սպորտային մարզումները:

Արդյունքը նրան այն աստիճան է ապշահար արել, որ իր հայտնագործության մասին անմիջապես հայտնել է Twitter-ում եւ գրավել շատ երկրների վերլուծաբանների, զինվորականների, փորձագետների ուշադրությունը, նշում է The Washington Post-ը: Twitter-ի օգտատերերը սկսել են հաղորդագրություններ փոխանակել՝ մեկը հայտնաբերել է «Մոգադիշոյում (Սոմալի) ԿՀՎ-ի ենթադրյալ բազայի  վազքուղին լողափում», մյուսը՝ «Եմենում «Փեթրիոտ» զենիթահրթիռային համալիրի տեղակայման հրապարակը», իսկ The New Yorker ամսագրի թղթակցը՝ «Աֆրիկական Սախելի գոտում ամերիկյան հատուկջոկատայինների օպերատիվ բազաների տեղադրությունը»:

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Թոմասը, որին պարբերականը դիմել է մեկնաբանություն կատարելու համար, միայն հայտարարել է, որ Պենտագոնն «ուսումնասիրում է այս քարտեզի օգտագործման հնարավոր հետեւանքները»: Նա չի պատասխանել հարցին՝ մշակվե՞լ են ինչ-որ կանոններ, որոնք ամերիկացի զինծառայողների կողմից ֆիթնես թրեքերների եւ GPS հավելվածների օգտագործումը կանոնակարգում են:

The Washington Post-ը ներկայացրել է անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Թոբիաս Շնայդերի կարծիքը. «Այս քարտեզը անվտանգությանն ակնհայտ սպառնալիք է ներկայացնում: Դրա վրա երեւում է, թե այս կամ այն մարդը որ փողոցներով է վազում: Սիրիայի Էթ Թանֆե ամերիկյան բազայում կարելի է տեսնել շրջանով վազող մարդկանց»: