2010 թվականին արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 12 դեպք` 19 տուժածով, այդ թվում 1-ը մինչև 14 տարեկան: Գրանցվել է 1 մահվան  դեպք:

Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործման հետևանքով` Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում:

Հիվանդության ախտանշաններն են` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`

• խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20 րոպե

• չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ անհատներից: