Վերջին տարիներին, առավելապես Արեւմուտքից, հայ հասարակություն մուտք են գործել Նոր տարին նշելու, միմյանց նվերներ մատուցելու մի շարք նոր սովորույթներ, դրանց թվում՝ հատուկ այդ գործով զբաղվող գործակալություններից Ձմեռ պապիկներ եւ Ձյունանուշներ պատվիրելու գեղեցիկ, բայց, պարզվում է, բավականին ծախսատար սովորույթը։
Պարզվում է՝ իսկապես ծախսատար...
NEWS.am-ի թղթակիցն այս եզրակացության եկավ՝ զրուցելով վերոնշյալ մի քանի գործակալությունների տնօրենների հետ, ովքեր տեղեկացրին, որ իրենց գործակալությունները պատվերներ սկսել են ստանալ դեռեւս նոյեմբերի վերջերից, իսկ պատվերներ իրականացվում են արդեն դեկտեմբերի 10-ից։ Տնօրենների հետ զրույցից պարզ դարձավ, որ կախված նրանից, թե ո՞ր օրը եւ հատկապես ո՞ր ժամին են մարդիկ ցանկանում իրենց տանը տեսնել Ձմեռ պապիկին եւ Ձյունանուշին, նրանց այցերի գներն ըստ այդմ աճում կամ նվազում են։
Այսպես, Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի այցը դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 12։00-ից 04։00-ն ընկած հատվածում, տարբեր գործակալություններում տատանվում է 10-ից 80 հազար դրամի սահմաններում։ Կախված նրանից, թե Ձմեռ Պապն այցելում է միայնակ՝ առանց Ձյունանուշի, այցի արժեքը համապատասխանաբար նվազում է 10-15 հազար դրամի չափով։ Այցի արժեքը մեծապես պայմանավորում են նաեւ մի շարք այլ գործոններ՝ ի՞նչ նվեր է ուզել երեխան Ձմեռ պապից, որքա՞ն հեռու է պատվիրատուի բնակարանը գործակալությունից եւ որքան բենզին է, ասենք, հարկավոր այնտեղ հասնելու համար կամ քանի՞ րոպե պետք է մնա Ձմեռ պապն այնտեղ առհասարակ։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը եւ դրանից հետո, պատվերների գները համապատասխանաբար իջնում են՝ տատանվելով 10-40 հազար դրամի սահմաններում։
Պարզվեց, որ գործակալությունների նման այս տարի Ձմեռ պապի եւ Ձյունանուշի պատվերներ ընդունում են նաեւ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ուր նշեցին, որ ծառայության գները տատանվում են 10 հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամի սահմաններում։ «Մի քանի հարյուր հազարն, իհարկե, վերաբերում է կորպորատիվ պատվերներին, երբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը պատվիրվում են շոուներ կամ այլ միջոցառումներ վարելու համար»,- ասացին թատրոնում։
Հարցին, թե Ամանորի նախաշեմին որոշակի զեղչեր առաջարկո՞ւմ են իրենց հաճախորդներին, գործակալություններից մեկի ներկայացուցին ասաց. «Որոշ զեղչեր, մանավանդ կորպորատիվ պատվիրատուների համար, ճիշտ է, անում ենք, սակայն մարդիկ մեծամասամբ պատրաստ են վճարել սահմանված գինը. մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք դա անում են առանց դժգոհելու»։





























