Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական  կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսեւորումներն է ունեցել անցնող տարիներին ազգային կյանքում:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դրական կարձագանքի կատարված առաջարկին` պետական կառավարման բնագավառում իր փորձառությունը, հնարավորությունները եւ Սփյուռքի հետ կապերը ծառայեցնելով հայրենի երկրին եւ աշխարհասփյուռ ժողովրդին:

Իր հերթին Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման առիթով, Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածների եւ կուսակցությունների հետ ունեցած հանդիպումների եւ սփյուռքյան համայնքներ ծրագրվելիք այցերի մասին: Անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահի հանգամանքին եւ առաքելությանը` նա ընդգծեց, որ երկրի կառավարման նոր պայմաններում այն տարբերվելու է նախորդներից, նրան հաղորդվելու է նոր իմաստ եւ ձեւավորվելու է նոր մշակույթ:

Դրական որոշման կայացման դեպքում Արմեն Սարգսյանը կարեւորեց ողջ ազգի հոգեւոր առաջնորդի օրհնությունն ու աջակցությունը:

Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: