Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է լսումներ անցկացնել «Սումգայիթյան ջարդեր: Հայերի նկատմամբ ատելության հրահրումը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով: Այս մասին փետրվարի 1-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս լսումներին կհրավիրեն փորձագետների, իրադարձությունների անմիջական ականատեսների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչների: «Լսումների նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել այս իրադարձությունների եւ Ադրբեջանի կողմից վարած պետական քաղաքականության մասին»,- պարզաբանեց Աշոտյանը:
Լսումները կանցկացվեն փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին: Լսումներ անցկացնելու որոշումը հանձնաժողովի անդամները միաձայն են ընդունել:



























