eBay համացանցային աճուրդը PayPal վճարային հարթակից կանցնի Adyen ծառայությանը: Այս մասին ընկերության կայքում հայտնել է eBay-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«eBay-ը համաձայնագիր է ստորագրել առաջատար գլոբալ վճարային օպերատոր Adyen-ի հետ, որպեսզի դառնա վճարումների մշակման նրա գործընկերը: eBay-ի վաղեմի գործընկեր PayPal ծառայությունը գնորդների համար որպես տարբերակ կպահպանվի պատվերները վճարելիս: Վճարումների նոր համակարգին անցումը մի քանի տարի կտեւի, եւ մենք ծրագրում ենք այս ուղղությամբ հնարվորինս արագ շարժվել, որպեսզի գործընթացն ավարտենք PayPal-ի հետ համաձայնագրի շրջանակում՝ մինչեւ 2020 թվականի կեսերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Adyen-ը թույլ կտա լուծել վճարումների մեծ քանակությամբ եղանակների եւ տեղական արժույթով վճարումների խնդիրը. ծառայությունն ապահովում է վճարման 200-ից ավելի եղանակ եւ 150-ից ավելի ազգային արժույթով վճարում: Ինչպես նշում է Forbes-ը, քիչ հայտնի հոլանդական Adyen ապրանքանիշը էլեկտրոնային առեւտրի ոլորտում ամենաարագ աճող խաղացողներից մեկն է: Ընկերության հաճախորդներն են դարձել ինտերնետ տոխնոլոգիաների այնպիսի առաջատարներ, ինչպիսին են՝ Facebook-ը, Netflix-ը, Spotify-ն, Airbnb-ը եւ Uber-ը:
Bloomberg-ի տեղեկացմամբ՝ eBay առեւտրի հարթակը PayPal ծառայության հետ 15 տարի համագործակցել է: CNBC-ի հաղորդմամբ՝ eBay-ի հայտարարությունից հետո PayPal-ի արժեթղթերը մի քանի ժամում առնվազն 10 տոկոսով արժեզրկվել են:




























