Ադրբեջանում սկսել են պայմաններ առաջ քաշել ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման համար:

«Եթե խոսքը շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման մասին է, ապա այստեղ պետք է մի քանի պայմաններ պահպանվեն»,- ԱՊԱ-ին ասել է Ադրբեեջանի Միլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ, պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիային հակազդելու հարցերով կոմիտեի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը:

Նա նշել է, որ «դիտորդների թվի ավելացման հարցում գլխավոր պայմանը շփման գծի երկայնքով ապրող ադրբեջանցի խաղաղ բնակիչների սպանությունների դադարեցման վերահսկողության ուժեղացումն է»: «Դրանից բացի, չնայած դիտորդների թվի ավելացումը տեխնիկական ընթացակարգ է, կարծում եմ, որ այս հարցը կարելի է քննարկել միայն այն դեպքում, եթե այն հաշվարկված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկախ լուծման համար: Բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ Հայաստանը պետք է վերահսկողության պարտավորություն ստանձնեն, որպեսզի պաշտոնական Երեւանը այդ ընթացքում չհետապնդի ստատուս քվոն երկարացնելու նենգ նպատակը: Որովհետեւ ամեն անգամ կոնկրետ արդյունքի հասնելու դեպքում Հայաստանը բանակցություններից խուսափում է՝ երկարաձգելով ստատուս քվոյի պահպանման հարցի լուծումը: Կարծում եմ, որ միայն այդ դեպքում արժի քննարկումներ անցկացնել»,- փորձել է հայկական կողմին մեղադրել Զ. Ասքերովը:

Ահա այսպես է ադրբեջանական կողմը կատարում ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները:

Հիշեցնենք, որ Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ՍԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ: «Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերամշակած հայեցակարգային փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով որքան հնարավոր է շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը»,- նշված է հայտարարության մեջ: