ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առանձնակի ոգեւորությամբ է դիմավորելու գալիք 2011 թվականը, քանի որ եկող տարի թոռնիկ է ունենալու: Արդեն հայտնի է թոռնիկի սեռը: «Ոնց որ թե տղա ա»,-մի քիչ ամոթխած, բայց ուրախ ու ոգեւորված տոնով ասաց Դալլաքյանը՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Ի դեպ, Դալլաքյան կրտսերը նույնպես պապի պես ձուկ է լինելու. ոչ թե բառի բուն իմաստով, այլ՝ համաստեղությամբ: Նա ծնվելու է փետրվարի 20-ից հետո: Իսկ թե ի՞նչ են դնելու թոռնիկի անունը, անվանակոչելո՞ւ են պապի անունով՝ Վիկտոր, պարոն Դալլաքյանը չասաց, միայն նշեց, թե դա երեխայի ծնողների որոշելիք հարցն է:
Ինչեւէ, Պարոն Դալլաքյանը գալիք 2011 թվականից ակնկալիքներ ունի: Ակնկալում է, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, «որպեսզի 2012 թվականին Հայաստանի բոլոր երեխաները գեղեցիկ ու շքեղ տոնածառ ունենալու հնարավորություն ունենան»: (Զուր չէ, որ պարոն Դալլաքյանի սիրած պատմվածքներից է Շիրվանզադեի «Ակոյի տոնածառը»):
«Ես չէի ցանկանա հարցը քաղաքականացնել, բայց 2009-ի համեմատ Հայաստանում աղքատների թիվը պաշտոնական տվյալներով, աճել է 214 հազար մարդով. աղքատ է բնակչության 34 տոկոսը»,-վիճակագրությանն ապավինեց անկախ պատգամավորը: Դալլաքյանն ակնկալում է, որ մեր երկրում աղքատների թիվը նվազի ու այլեւս աղքատներ չլինեն: Իսկ ի՞նչ եք ակնկալում 2011 թվականից քաղաքական առումով՝ հարցին անկախ պատգամավորն արձագանքեց. «Ակնկալում եմ, որ քաղաքական ուժերն իրար նկատմամբ լինեն հանդուրժող ու միմյանց մեջ թշնամիներ չփնտրեն: Բոլոր ուժերն էլ ուզում են Հայաստանը տեսնել ավելի ժողովրդավար, պարզապես դրան հասնելու համար տարբեր մարտավարական հնարքներ են կիրառում: Չեմ կարծում, որ մարդկանց պետք է բաժանել վասակների եւ վարդանների, հայրենասերների եւ դավաճանների»,-ասաց Դալլաքյանը:





























