Ինչպե՞ս հագնվել Նոր տարվա գիշերը, ի՞նչ անել ամենաշքեղն ու անկրկնելին լինելու համար. դասական, արդիականությունը երբեք չկորցնող հարցեր, որ ամեն կին ինքն իրեն տալիս է Ամանորից դեռ շատ առաջ։ Հետո՝ լավագույնը գտնելու փնտրտուքներ, հագուստի սրահներում ծախսված կլորիկ գումարներ, ժամանակ ու նյարդեր...
Ինչեւէ, շուկայում առաջարկվող տարաբնույթ ու ոճային տարբեր լուծումներով հագուստների մեջ չխճճվելու եւ մեր ընթերցողին ոչ միայն Ամանորի գիշերը, այլ նաեւ ողջ 2011-ի ընթացքում հագուստ ընտրելու լավագույն տարբերակներ հուշելու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի հետ։
Վերջինս նշեց, որ նորաձեւության 2011-ի միտումները զարմանալի զուգադիպությամբ համընկնում են Նապաստակին «դուր եկող» գույների ու ձեւվածքների հետ։ «Տարվա ֆավորիտ գույներն են ոսկեգույնը, դեղինը, մոխրագույնը, սպիտակը, կապույտի բոլոր երանգները եւ, իհարկե, սեւը։ Ինչ վերաբերում է կտորներին, ապա Նապաստակի տարում նորաձեւ կլինեն ոսկեփայլ բոլոր կտորները, թավիշը, ինչպես նաեւ մորթիներն ու արհեստական կաշիները»,- նշեց Կարինե Դնոյանը։
Անդրադառնալով հագուստների ձեւվվածքներին՝ նա նշեց, որ Նապաստակի տարում առավելությունը պետք է տալ ավելի պարզ ուրվագծերին։ «Երեկոյան շլեյֆեր եւ լանջաբացվածքներ խորհուրդ չեն տրվում։ Նախընտրելի են նուրբ, կոկտեյլային շարքի հագուստները։ Ընդ որում, կրկին շատ ակտուալ է մինին։ Ձեւերի մեջ մոդայիկ են նաեւ ասիմետրիաները՝ մի կողմում երկար, մյուս կողմում՝ կարճ փեշեր, մեկը թեւքով, մյուսն անթեւք հագուստներ եւ այլն։ Տաբատներ սիրողների համար տարբերակներ եւս կան, օրինակ, կոմբինիզոններ»,- ասաց «Ատեքսի» տնօրենը։
Կոշիկների մասին խոսելիս Կարինե Դնոյանն առանձնացրեց բարձր կրունկներով, պլատֆորմներով, ինչպես նաեւ կարճ ճիտքերով կոշիկները (բոտիլիոններ)։ «Ընդ որում, երեկոյան կոշիկները կարող են մի փոքր սուր քթերով լինել»,- խորհուրդ տվեց Դնոյանը։
Ամփոփելով նա նաեւ նշեց, որ զարդերը 2011-ին պետք է լինեն մետաղական, հնարավորինս համեստ եւ քիչ քարերով։ «Փայլուն ադամանդները եւ մնացած ճոխությունները տեղին չեն։ Դե իսկ պայուսակները՝ նույնիսկ ամենօրյա, պետք է փոքր չափերի լինեն»,- ամփոփեց Դնոյանը։





























