Չինաստանում էլեկտրոնային կոմերցիայի խոշորագույն ընկերություն Alibaba Group Holding-ը հայտարարել է թշակառուների սպառողական հարցումների գծով 2 մասնագետ ընդունելու մասին: Տարեկան 400 հազար յուան (մոտ 63500 դոլար) աշխատավարձով աշխատանքի համար որոշել է պայքարել 3 հազար մարդ, հայտնում է South China Morning Post-ը:

Պարբերականը նշում է, որ Alibaba Group Holding-ում աշխատանքի ընդունվելն ավելի դժվար է, քան, օրինակ, Goldman Sachs-ում: Ամերիկյան կորպորացիան աշխատանքի է ընդունում հավակնորդների մոտ 3 տոկոսին, մինչդեռ Alibaba Group Holding-ը՝ ընդամենը 0,06 տոկոսին:

Հավակնորդները պետք է օժտված լինեն որոշակի հատկություններով: Առաջին՝ իրենք եւս պետք է տարեց լինեն եւ թոշակառուների շրջանում հեղինակություն վայելեն: Երկրորդ՝ պետք է լավ հասկանան ինտերնետ տեխնոլոգիաները եւ օնլայն գնումները: Նրանց խնդիրն է լինելու հասակակիցներին համոզել համաշխարհային ցանցի միջոցով ակտիվ գնումներ կատարել:

Մասնագետների գնահատմամբ՝ չինացի թոշակառուների ներկայիս սերունդը մեծ խնայողություններ ունի: Վաճառողների խնդիրն է՝ նրանց համոզել իրենց գումարը ծախսել: Չինաստանում կա ընդհանուր 772 մլն ինտերնետից օգտվող, որոնցից 40 մլն-ը 60 տարեկանից մեծ է: