«Մայքրոսոֆթ»-ը 2011 թվականին 12 երկրների՝ այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Ադրբեջանի ու նաեւ Հայաստանի որոշ հասարակական կազմակերպությունների եւ ոչ պետական լրատվամիջոցների համար մեկ տարի ժամետով ավելի մատչելի է դարձնում ծրագրային ապահովման գործիքներից օգտվելու հնարավորությունը։ Այսինքն՝ որոշակի չափանիշների համապատասխանող ընկերություններն ու անկախ լրատվամիջոցները կարող են անվճար շարունակել օգտվել «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովման գործիքներից՝ առանց տույժ վճարելու։
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հնարավորությունից կարող են օգտվել կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության, մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում որոշակի գործառույթներ իրականացնող հ/կ-ները, ինչպես նաեւ՝ ոչ պետական լրատվամիջոցները։
«Այս ամենի արդյունքում՝ այն կազմակերպությունները, որոնք արդեն իսկ օգտվում են «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովման գործիքներից, մեկ տարի ժամկետով կնվազեցնեն ռիսկերն եւ ճնշումները ոստիկանության եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»,-ասաց Գ. Բարսեղյանը: Այդ կազմակերպությունները կարող են պարզապես «Մայքրոսոֆթ»-ի պաշտոնական ինտերնետային կայքից տպել «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովման իրենց լիցենզիան, եւ այնուհետեւ այն ներկայացնել իրավապահներին՝ ստուգումների ժամանակ։
«Այսինքն՝ երբ ոստիկանությունը կամ «Մայքրոսոֆթ»-ի իրավապաշտպան կազմակերպությունը` BSI-ը, ստուգումներ անցկացնի, ապա նման ընկերությունները այս տպագրված լիցենզիան ցույց տալով՝ կարող են ազատվել տույժերից»,-ասաց Գ. Բարսեղյանը:
Նշենք, որ 3 տարվա ընթացքում Հայաստանում ոչ օրինական ծրագրերի կիրառման հետեւանքով «Մայքրոսոֆթ» ընկերությանը վճարվել է մոտ 10 հազար դոլար կամ 3 մլն դրամից ավելի փոխհատուցում։ Սակայն ծրագրերի անօրինական օգտագործումը Հայաստանում համատարած բնույթ է կրում, իսկ դրա դեմ պայքարը ակնհայտորեն չի հանդիսանում իրավապահ մարմինների համար առաջնահերթություն։





























