Այս տարի Ամանորը Մոսկվայի Կարմիր հրապարակում տոնել հնարավոր չի լինելու, քանի որ այն փակվելու է այդ օրը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության պետ Վլաչեսլավ Կոզլովը: Հրավառությանը հնարավոր կլինի հետեւել հարեւան փողոցներից:
«Զանգվածային միջոցառումների վայրերում ալկոհոլային խմիչք չի վաճառվելու: Ապակե շշերով մարդկանց թույլ չի տրվի ներկա լինել այդ վայրերում: Նրանք պետք է դա իմանան»,- ասել է նա:
Ինչպես հաղորդում է Dni.ru-ն, Ամանորի գիշերը ՌԴ մայրաքաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռք առնվելու, որին մասնակցելու է փաստացի, Մոսկվայի ողջ ոստիկանությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուս հայտնի ազգայնական, Վլադիմիր Տորն իր Live journal բլոգում մոսկվացիներին կոչ է արել դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ին հավաքվել Կարմիր հրապարակում:
«Բարեկամնե՛ր, եկեք Նոր տարին դիմավորենք Կարմիր հրապարակում։ Թող այնտեղ շատ ռուսներ լինեն»,- գրել է նա:
Վլադիմիր Տորը հայտնել էր, որ «տաքարյուն կովկասցի երիտասարդները սպառնում են Նոր տարուն գալ Կրասնոդարից, ուղեւորվել Կարմիր հրապարակ եւ «Еб*ть скинов, еб*ть!» կարգախոսի ներքո պարել իրենց լեզգինկան»:
Տորի տեղեկություններով, ի պատասխան սրա՝ ոչ պակաս տաքարյուն սլավոն երիտասարդները պատրաստվում են Կարմիր հրապարակում այրել Ղուրանը:
«Կարմիր հրապարակը Ռուսաստանի սիրտն է եւ չի կարելի թույլ տալ, որպեսզի այն կորցնի իր կերպարը»,- ասել է ռուս ազգայնականը:





























