Դեկտեմբերի 28-30-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Իրանի բարձրագույն կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` որի հետ քննարկվելու է Իրանում հայկական որոշ բուհերի դիպլոմների ճանաչման հարցը:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր Իրանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, նշել է, որ  այցի ընթացքում նախատեսվում է բավականին հագեցած ծրագիր եւ հույս հայտնել, որ այն ամբողջությամբ կյանքի կկոչվի: «Մեկ տարվա ընթացքում մենք արձանագրել ենք հսկայական արդյունքներ, բայց երկուստեք ակնկալիքներն ավելի մեծ են: Ես հուսով եմ, որ այս այցը եւս կնպաստի եւ լավ հիմք կհանդիսանա նոր գաղափարների եւ ծրագրերի կյանքի կոչման համար»,-նշել է Ա. Աշոտյանը:

Իրանի բարձրագույն կրթության եւ գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալ Մահմուդ Մոլլաբաշին, որպես համագործակցության հիմնական առանցք` նշել է  ասպիրանտական կրթությունը` ներկայացնելով Իրանում ասպիրանտուրայի ընդունելության կարգը եւ ասպիրանտներին ներկայացվող պահանջները` նշված կրթության միջազգային չափանիշներին համապատասխանության, մասնավորապես, օտար լեզվի տիրապետման, համաշխարհային գիտական աղբյուրներից օգտվելու, գիտական թեզի պաշտպանության  տեսանկյունից: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման պահանջներ կդրսեւորվեն նաեւ ՀՀ գիտակրթական հաստատություններ ասպիրանտուրա ընդունվել ցանկացող Իրանի ուսանողների նկատմամբ: Նա նաեւ մատնանշել է, որ որոշ իրանցի ուսանողներ, ովքեր բժշկական կրթություն են ստացել Հայաստանի ոչ պետական բուհերում, ոչ միայն չունեն անհրաժեշտ գիտելիքներ, այլեւ, ըստ ուսումնասիությունների, կարճ ժամանակահատված են գտնվել Հայաստանում: Պատվիրակության անդամները միաժամանակ բարձր են գնահատել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իրանցի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները: 

Անդրադառնալով ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ վերջիններս Հայաստանի կրթական համակարգի կարեւոր բաղադրիչ են, եւ հայկական կողմը շահագրգիռ է ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների թվաքանակի ավելացմամբ:

Այդ համատեքստում խստացվել է կրթության որակի հսկողությունը ոչ պետական բուհերի համակարգում. վերջին երեք տարիների ընթացքում կասեցվել է շուրջ 25 բուհի լիցենզիայի գործողություն, արգելվել է օտար լեզվով բժշկական կրթության դասավանդումը ոչ պետական բուհերում: Բացի այդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում խստացվել են կարգապահական կանոնները, որոնց արդյունքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաեւ շուրջ 150 իրանցի, դուրս են մնացել կրթական գործընթացից: Ըստ նախարարի` վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ բարեփոխումներ են իրականացվել նաեւ ասպիրանտական կրթության ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են ասպիրանտուրայում օտար լեզվի իմացության պահանջները, ասպիրանտուրայում` որպես կրթական երրորդ աստիճան, այս տարվանից ներդրվել է կրեդիտային համակարգ, ինչպես նաեւ խստացում է տեղի ունեցել գիտական թեզերի պաշտպանության պահանջների խնդրում` նախապաշտպանության մեխանիզմների հստակեցման եւ խորհուրդների ձեւավորման տեսանկյունից:

Անդրադառնալով ՀՀ մի շարք բուհերի դիպլոմների իրանական կողմի ճանաչման խնդրին` նախարարը նշել է, որ դրանք վերաբերում են ընդամենը երեք բուհի` Երեւանի պետական, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններին: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ խնդրի լուծման նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են որոշակի եւ հստակ քայլեր` հույս հայտնելով, որ մինչեւ առաջիկա ընդունելության քննություններ նշված խնդիրը հանգուցալուծված կլինի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների մայր բուհերում համապատասխանաբար իսլամագիտության եւ հայագիտության կենտրոններ հիմնելու հնարավորությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել աշխատանքային խումբ` քննարկելու բոլոր առկա խնդիրները եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու երկու երկրների կառավարություններին:

Նույն օրը ԻԻՀ պատվիրակությունը կայցելի Երեւանի պետական համալսարան եւ շրջայց կկատարի ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում: Այնուհետեւ նախատեսվում է ԻԻՀ պատվիրակության այցը Երեւանի պետական բժշկական եւ Վ, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններ ու Հայաստանի պետական ագրարային համալսարան:

Այցի հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, ԻԻՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարաններում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, ինչպես նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Այցի ընթացքում նախատեսվում է պատվիրակության հանդիպում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ԻԻՀ քաղաքացի ուսանողների հետ: