Ի տարբերություն նախորդ մի քանի տարիների, 2010 թվականին Հարավային Կովկասում ոչ մի արտակարգ իրադարձություն չգրանցվեց: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացի փորձագետ Գիա Նոդիան, հավելելով, որ տարածաշրջանում բավական կայուն վիճակ է ստեղծվել:

«Ոչ մի նոր բան տեղի չունեցավ ո՜չ ռուս-վրացական, ո՜չ հայ-թուրքական  հարաբերություններում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա Նոդիայի կարծիքով, 2011-ին այդ ուղղությամբ հատուկ զարգացում պետք չի սպասել: «Երկու երկրներն էլ պետք է պատրաստվեն ընտրությունների, այնպես որ բեկում չի կանխատեսվում: Այդ հարաբերությունները կնան շատ վատ»,- նշել է քաղաքագետը:

Անդրադառնալով ԼՂ խնդրին, Խաղաղության եւ ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի տնօրենը հայտարարեց, որ չնայած 2010-ի ընթացքում շփման գծում նկատվում է լարվածության աճ եւ որոշակի լոկալ բախումներ են արձանագրվել, սակայն իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա: «Դա քիչ հավանական է»,- ասաց քաղաքագետը:

Նոդիայի խոսքով, հաջորդ տարի պետք է հատուկ ուշադրություն դարձնել Իրան-ԱՄՆ հարաբերություններին: «Թեեւ ես չեմ պնդում, որ այստեղ հարաբերությունների լուրջ վատացում կլինի, սակայն այդ ուղղությամբ հնարավոր է հետաքրքիր զարգացումներ եւ որոշակի բարդություններ լինեն»,- ընդգծեց նա: