Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված շրջանի Մանանդյան փողոցի 22 շենքի 36 բնակարանում մահացած անձ կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են շտապել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ: Նշված հասցե է մեկնել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը, փորձագետն ու քրեագետը:

Նշված բնակարանում ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են խոշտանգված կնոջ մարմին: Պարզվում է, որ նա 85-ամյա Վարդուհի Հովհաննեսի Շատիկյանն է, ում մարմինն առանձնակի դաժանությամբ խոշտանգված է եղել: Հարեւանները  Շամշյանին պատմել են, որ կտրած էր կնոջ կոկորդը։ Բնակարանում հայտնաբերվել է գլխից պոկված մազափնջեր, ջախջախված էր նաեւ գլուխը։ Թե քանի՞ հարված է ստացել կինը եւ ինչի՞ արդյունքում է մահացել, վերջնական եզրակացությունը կտա դատական բժիշկը։

Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):

Մինչ դատական փորձագետները փորձաքննության կենթարկեն դին, ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքի արդյունքում, որը ղեկավարում էր շրջանի ոստիկանապետը, պարզվում է, որ սպանությունը կատարել է Վարդուհի Շատիկյանի թոռը՝ 21-ամյա Ավետիք Շատիկյանը:

Օպերատիվ խումբը Շատիկյանին հայտնաբերում է 16 թաղամասի իրենց բնակարանում: Կասկածյալին բերման են ենթարկում Շենգավիթի բաժին, որտեղ նա պատմում է իրականությունը։ Ոստիկանության աշխատակիցները Ավետիք Շատիկյանի մորաքրոջ տանը (Հալաբյան փողոցի վրա) հայտնաբերում են նաեւ հանցագործության արյունոտ գործիքներն ու նրա հագուստը:

Արյունոտ գործիքներն ու հագուստը ուղարկվել է փորձաքրեգիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն։

Քննչական մարմինը Ա.Շատիկյանին ձերբակալել է, այս պահին տեղափոխել է Երեւանի ՁՊՎ:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի