«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Աստրախանում տեղի ունեցած հանդիպումից հետո զինված ուժերի շփման կետում լռություն է տիրում»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն։
Սաբիրօղլուի խոսքով, «երկու կողմերն էլ պահպանում են հրադադարի ռեժիմը, եւ այդ պատճառով կորուստներ չկան»։
Սաբիրօղլուն հայտարարել է, որ «այս տարի հրադադարի ռեժիմի խախտման հազարով պակաս դեպքեր են գրանցվել». «Պաշտոնական Բաքուն չի համաձայնի բանակցությունները հավերժ շարունակելու առաջարկին։ Հայաստանը երկարացնում է բանակցային գործընթացը, որպեսզի հակամարտությունը մնա չլուծված։ Սա իր հերթին լարվածություն է ստեղծում։ Այդ լարվածությունը հետագայում կարող է ծանր հետեւանքեր ունենալ։ Հայաստանի զինվորական ղեկավարությունը պետք է լրջորեն մտածի այս մասին»,- ասել է նա։
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն էին արել։ Կողմերը պայմանավորվել էին «ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների մարմինները վերադարձնելու» շուրջ։
Բանակցություններն ընթանում էին Հայաստանում եւ Ադրբեջանում գտնվող 8 զինծառայողների, 6 քաղաքացիական անձանց եւ 2 զոհերի դիակների վերադարձի շուրջ։





























