Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում BMW X5 մակնիշի 44 DD 441 համարանիշի ավտոմեքենան Կոմիտաս պողոտայում՝ Հարկային տեսչության Արաբկիրի ստորաբաժանման վարչական շենքի դիմաց վթարի է ենթարկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի վարորդը՝ 23-ամյա Գառնիկ Սանդրոյի Սոխակյանը, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին, տապալել ծառը եւ հարվածել էլեկտրասյանը: Վարորդին եւ ուղեւորին՝ մեքենայի սեփականատեր, սփյուռքի նախարարության աշխատակից Էդուարդ Նելսիկի Ավագյանին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները, եւ շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը տեղազնման եւ փորձագիտական աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել է ՃՈ աշխատակիցներին, որպեսզի BMW X5-ը տեղափոխվի տուգանային հրապարակ, իսկ նա մեկնեց բժշկական կենտրոն՝ ճշտելու նրանց առողջական վիճակը:

Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդն ու ուղեւորը ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ վիճակում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի