Ռուսաստանը կարող է դրական դեր խաղալ վրացիների համար օսերի եւ աբխազների հետ հարաբերությունները վերականգնելու գործում: Այս մասին հայտարարել է «Միասնական Վրաստան» շարժման առաջնորդ, Վրաստանի խորհդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
«Դա դժվար կլինի անել, սակայն կա իրական հնարավորություն, թեեւ ոչ Միխայիլ Սահակաշվիլի կառավարման ժամանակ»,-ասել է Բուրջանաձեն լրագրողներին:
«Վրաց ժողովուրդը պետք է որոշի ուզու՞մ է նա ի հեճուկս Ռուսաստանի` իշխանության գլխում թողնել Սահակաշվիլիին: Եթե ժողովուրդը նորից ընտրի Սահակաշվիլիին, ապա այդ ժամանակ Ռուսաստանը կամ չի խոսի Վրաստանի ղեկավարության հետ, կամ էլ լրջորեն չի խոսի»,-հավելել է Բուրջանաձեն:
Նրա խոսքով, Ռուսաստանի օգնությամբ օսերի եւ աբխազների հետ հարաբերությունները վերականգնել հնարավոր կլինի միայն այն իշխանության օրոք, որը կպաշտպանի երկրի շահերը, եւ դրա հետ մեկտեղ անընդհատ չի «նյարդայնացնի» Ռուսաստանին եւ նրա հետ կստեղծի գործընկերային հարաբերություններ:





























