Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստանի կառավարությունը եւ «Հայփոստը» պայմանագիր են ստորագրել, ըստ որի՝ այսուհետ կենսաթոշակները վճարելու են «Հայփոստի» բաժանմունքներում։ Անշուշտ՝ կառավարության որոշելու խնդիրն է, թե ինչպես վճարել կենսաթոշակը, հնարավոր է՝ կենսաթոշակառուները գոհ մնան այս նորամուծությունից։ Սակայն խնդիրն այն է, որ աշխատանքից ազատվել են կենսաթոշակային հիմնադրամի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք մինչ այս պատասխանատու էին կենսաթոշակի վճարման համար։ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին նրանցից մի քանի տասնյակ մարդ բողոքի ակցիա իրականացրեց կառավարության շենքի առջեւ։
NEWS.am-ի հետ զրույցում կենսաթոշակային հիմնադրամի նախկին աշխատակիցները նշեցին, որ իրենց աշխատանքից ազատել են «Աշխատանքային օրենսգրքի» խախտումներով։ Մասնավորապես՝ աշխատանքից ազատելու դեպքում պետք է զգուշացնեին 2 ամիս առաջ, սակայն զգուշացրել են ընդամենը 2 շաբաթ առաջ։ «Սոված շան նման հանեցին, դուրս շպրտեցին»,- ասաց հավաքված կանանցից մեկը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում, հավանաբար տեղեկացված լինելով բողոքի ակցիայի մասին, հայտարարեց, որ ազատված աշխատակիցները կարող են դիմել «Հայփոստին» եւ ընդունվել աշխատանքի։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ դրա համար նախ պետք է ատեստացիա անցնեն, որի նկատմամբ վստահություն չկա։




























