Ամերիկյան Akhan Semiconductor ընկերությունը սկսել է արհեստական ադամանդից ստեղծված պաշտպանական ապակուց էկրանով սմարթֆոնի թեստավորումը: Նոր ապակու՝ Mirage Diamond Glass-ի նանոբյուրեղային կառուցվածքը պատահական ձեւով է ձեւավորվում, ինչը խոչընդոտում է խորը ճեղքերի առաջացումը եւ ծածկույթի տակ գտնվող նյութերի վնասումը, հաղորդում է Vesti-ն:

Akhan-ի ղեկավարԱդամ Հանի խոսքով՝ Diamond Glass-ը կարող է օգտագործվել այլ տեսակի ծածկույթների հետ, այդ թվում քիմիական ճանապարհով պնդացված Gorilla Glass-ի՝ հանդես գալով որպես վերին շերտ:

Akhan-ը եւ գործընկերները սթրեսային թեստեր են անցկացնում ադամանդե ապակու ամրության մեջ համոզվելու համար, ինչպես նաեւ, որ այն լավ է անցկացնում էլեկտրական ազդանշանները եւ չի խանգարում թաչսքրինին ճանաչել հպումները:

Mirage Diamond Glass-ի օգնությամբ կարող է պաշտպանված լինել ցանկացած սարք, որն ունի դիսփլեյ: Այն առաջինը կհայտնվի  2019-ին արտադրվող սմարթֆոնի վրա: Ավելի ուշ այն կարող են տեղադրել ֆիթնես ապարանջանների վրա, ասում է Հանը:

Լաբորատորիաներում սինթետիկ ադամանդներից ստեղծված էկրանը, հավանաբար ավելի թանկ կարժենա, քան սովորականը: Բացի այդ Akhan ծածկույթը կարող է ավելի ծանր եւ ոչ այդքան թափանցիկ լինել, ինչպես սովորաբար օգտագործվող Gorilla Glass-ը: